Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարտահրավերներին արձագանքելու կարողականությամբ

Մարտահրավերներին արձագանքելու կարողականությամբ
01.07.2008 | 00:00

Փոխվում են ժամանակները, փոխվում են հասարակարգերը. Արմեն Տոնյանի կենսագրությանը ծանոթանալիս վերապրում ես անցած-գնացած ժամանակները, վերաիմաստավորում, թե ինչ հավատով նրա սերունդը երկիր կառուցեց ու հավատն ափի մեջ պահած, ինչպես մեծ գրողը կասեր, փոխանցեց եկողին` «առ, որդիս, պահպանիր» չափաբանությամբ:
Անհատականություն էր, ում կենսագործունեության մեջ արտացոլվում է մի ամբողջ դարաշրջան` ձեռքբերումներով, սպասումներով, ելևէջներով հանդերձ։ Համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող էր, երբ պատերազմն սկսվեց. կամավոր մեկնեց ռազմաճակատ, վերադարձից հետո մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրեց, դարձավ Հայաստանի թեթև արդյունաբերության նախարար, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր ու կարողացավ հավատարիմ մնալ ներսում ապրող անհատին, մարդուն` մեկ պարզ պատճառով. նորի կրող էր, առաջադիմականը գնահատող: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ անցել էր կենսաթոշակի, Ա. Տոնյանն աշխատում էր որպես աշխատանքի գիտական կազմակերպման մասնագետ. Հայաստանում թեթև արդյունաբերության ստեղծման «հայրը» չէր կարող մի կողմ քաշված, անտարբեր նայել նորօրյա գործընթացներին:
Նա շատ լավ էր գիտակցում, որ ամբողջ Խորհրդային Միությունում, այդ թվում և Հայաստանում, հսկայածավալ ժողովրդական տնտեսության աքիլեսյան գարշապարն արտադրանքի ցածր որակն է: ՈՒ պայքարի ելավ դրա դեմ. շահեց այն` բախումներ ունենալով «կենտկոմականների» հետ, բայց կարևորը, որ գործն առաջ գնաց: Նախարար Տոնյանի օրոք կառուցվեցին և վերակառուցվեցին Հայաստանի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող մի շարք ձեռնարկություններ՝ Իջևանի գորգագործական, Երևանի մետաքսագործական կոմբինատները… կարճ ժամանակահատվածում ավարտին հասցվեց մոդելային կոշիկի մի շարք ֆաբրիկաների շինարարությունը: ՈՒ տվեց արտադրանք, որն այլևս մրցունակ էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև` արտասահմանյան արտադրանքի հետ համեմատելիս։ Դպրոցը, որ առայսօր ունի Հայաստանը կոշկագործության ասպարեզում, փաստորեն նաև Ա. Տոնյանի ջանքերի շնորհիվ է կենսունակ:
Նա մարդ էր, ով գրեթե կես դար առաջ զգում էր նորը, փորձում իր չափով պատասխան տալ թեթև արդյունաբերության՝ ժամանակի մարտահրավերներին: Այսօր նա կլիներ արդեն իննսուն տարեկան։ Ավաղ, իր երկնային բարձունքից է լոկ ուշադիր հետևում վարը մնացած օրվա պատասխանատուների` մարտահրավերներին արձագանքելու կարողականությանը:

Ռ. Գրիգորյան

Դիտվել է՝ 9485

Մեկնաբանություններ